Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ


Հակոբյան Մելանյա Մադաթի - ծնվել է 1928թ. Օգոստոսի 15-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի օրը(«Տարեդարձիս օրհնանքը» 11/VIII/1943թ., քառյակներ՝ 57, 58, 59, 60), Հունաստանի Սալոնիկ քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ Ծնողների հետ, 1932թ., նա վերադառնում է Հայրենիք՝ Երևան։ Դպրոց հաճախում է վեց տարեկան հասակում։ Շատ քչերին է վիճակվում այնպիսի բովանդակալից ու հետաքրքիր կյանք ունենալ, ինչպիսին եղել է իմ մոր կյանքը։ Նա՝ այն ընտրյալներից էր, ում սպասվում էր շատ անսպասելի մի անակնկալ, որի մասին՝ նա բոլորովին չգիտեր և չէր էլ կարող պատկերացնել։ 3-4 տարի, նա դպրոց չի հաճախում՝ իր պաշտելի դպրոցը,(«Հետագա ապագաս» 1944թ., Նոր Տարվա գիշերը, ժ. 12-ին, քառյակներ՝ 25, 26, 27), յուրովի է տեսնում կյանքը, իրեն շրջապատող բնությունն ու նրա հմայքը:Ամեն ինչ սկսվում է, երբ լրանում է նրա 11տարիքը(«Տարեդարձիս օրհնանքը» 11/VIII/1943թ., քառյակներ՝ 31, 32, 34)։ Այդ տարի, նա մի զարմանալի երազ է տեսնում, որ Հունիսի 10-ին՝ պիտի մահանա. ահա թե ի՞նչ է գրել մայրս, իր հուշերում.


Մայրիկիս հուշատետրից

«Երբ լրացել է 11 տարիքս, ես երազ եմ տեսել, որ հունիսի 10-ին պետք է մահանամ։ Այդ մասին՝ պատմել եմ մայրիկիս, նա էլ ապրել է վախով, որ մահանալու եմ։ Եկավ այդ օրը, բակում խաղում էի, հանկարծ վատ զգացի, տուն եկա, մայրս՝ Գեղանուշը, վախով գրկեց ինձ՝ ջերմում էի։ Մայրս, իսկույն Շտապ–օգնություն կանչեց։ Երբ բժիշկը տուն մտավ, ինձ քննեց և տեսավ պատին փակցված իմ գովասանագրերը, ասաց. «Ափսո՜ս, գերազանցիկ երեխա է»։ Ես այդ խոսքերից հասկացա, որ անկասկած մահանում եմ։ Շտապ–օգնության մեքենայով, ինձ տարան սուր–վարակիչ հիվանդանոց։ Մինչև հիվանդանոց, ամբողջ ճանապարհին՝ շունչս կտրվում էր, չէի կարողանում շնչել։ Երբ տեղ հասանք, ինձ պառկեցրին, ստուգումներից հետո՝ որոշ ժամանակ անց, սպիտակ սավանով ծածկեցին ամբողջ մարմինս։ Այսպես՝ համոզվեցի, որ մահանում եմ։ Ինչքան ժամանակ անցավ՝ չգիտեմ, մայրս էլ մոտս չէր և կարծես թե քնեցի։ Մեկ էլ, հանկարծ, մի կապույտ երկնակամար բացվեց աչքերիս առջև։ Ամպերի միջից մի ծերունի իջավ, ձեռքին մի գրիչ կար բռնած։ Նա՝ ժպտալով գրիչն ինձ մեկնեց և ասաց. «Վերցրու այս գրիչը, դու կապրե՛ս, չես մահանա և այս գրիչով գրքեր կգրես։ Կարդա քո շրջապատում ապրող՝ հարազատներիդ, ծանոթներիդ։ Շա՜տ – շա՜տ ես գրելու. ուշադիր եղիր»։ Երբ ձեռքս մեկնեցի և վերցրի գրիչը, սավանը հետ գնաց, բուժքույրը վախեցավ, ու երբ բժիշկը եկավ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր, իսկ մայրս՝ դեռ լալիս էր հիվանդանոցի պատուհանի տակ։ Ի զարմանս բոլորի, կարծես միանգամից լավացա, ինձ դուրս գրեցին հիվանդանոցից և տուն եկանք։ Այդ օրվանից, ինձ մոտ առաջացավ գրելու մեծ ցանկություն։ Զարմանալի զգացում էր, թողեցի այդքա՜ն սիրելի, պաշտելի դպրոցս, իմ դասն ու դասարանը և որոշեցի գրե՜լ – գրե՜լ։ Գրում էի սրտի թրթիռով, տարված բնության գեղեցկությունով։ Կարծես, առաջին անգամ էի տեսնում ինձ շրջապատող բնությունը, նրա հմայքը, առավել քաղցր էին հնչում թռչունների ծլվլոցն ու առվակների զուլալ քչքչոցը։ Իմ գրվածքները կարդացել են գրողների տանը։ Հարցազրույցներ եմ ունեցել Իսահակյանի, հոգեբան Մազմանյանի, Սիմակի, Ստեփան Զորյանի ու բոլոր գրողների հետ։ 14 տարեկան էի, երբ սկսեցի գրել գրվածքներ՝ «ԽՐԱՏՆԵՐ» վերնագրով, որոնք ունեն փիլիսոփայական խոր իմաստ և որոնց մեջ Աստծո խոսքն ու շունչը կա։ Գրում էի, նստած խոհանոցի մի անկյունում՝ իմ սեղանի առաջ, կարծես մեկը թելադրում էր, ես էլ գրում էի։ Տետրերը միացնում էի իրար, կարում էի և լրացնում «խրատներով», մտքերով, որոնց իմաստի վրա՝ մինչև հիմա զարմանում եմ։ Ամեն շաբաթ օր( IV ՏԵՏՐԱԿ, «Աշխարհի դատաստանիչն ու յուր քնարաբլբուլ զավակը» 16/IV/1943թ., քառյակ՝ 27), մեր տանն էին հավաքվում մեր ծանոթները, հարևաններն ու հարազատները, և ես՝ նրանց համար կարդում էի իմ գրած ԽՐԱՏՆԵՐԸ ( 2008թ., Ֆլորիդա Հ. Մ.)»։

Հիմնականում դրանք են՝ «I, II, III, IV, V, VI, VII, VIII Տետրակներ»՝ ինչպես մայրս է համարակալել մանկության այդ տարիներին, Հուշատետր և չորս գիրք։ Տետրերից յուրաքանչյուրում, գրված է 4 - 6 պատմվածք, առակներ։ Յուրաքանչյուր պատմվածք գրելիս, մայրս նշել է օրը, ամսաթիվը, տարեթիվը, նույնիսկ սկսելու և վերջացնելու ժամը, իր անուն - ազգանունը։ նրանք բոլորն էլ գրված են բանաստեղծական քառյակներով։ Մայրս պատմում էր, որ միշտ տեսնում էր սպիտակամորուք այն ծերունուն, ով իրեն գրիչ էր տվել և նրան անվանում էր «Աստված Հայրիկ»։

Մայրս՝ սկզբում շա՜տ հետաքրքիր ու զարմանալի երազներ է տեսել («Հետագա ապագաս» 1944թ., Նոր Տարվա գիշերը, ժ. 12-ին, քառյակներ՝ 16, 17)։ Մայրիկիս երազներում, նրան առաջնորդել է այն սպիտակամորուք ծերունին՝ Աստված Հայրիկը և միշտ ասել է, թե ի՞նչ է լինելու կամ ի՞նչ պետք է անի։ Որքան էլ զարմանալի է, բայց մայրս ասում էր, որ Աստված Հայրիկին՝ նա տեսնում էր, նույնիսկ, բակում խաղալիս, ամենուր. ահա մեկ այլ հրաշք դեպք. այդ օրը, իմ տատիկը՝ Գեղանուշը, խոհանոցից մի ձայն է լսում, երբ ներս է մտնում, նկատում է, որ պահարանի դուռը բաց է։ Փակում է այն և դուրս է գալիս։ Որոշ ժամանակ անց, նորից է լսվում նույն ձայնը և երբ նա նորից է մտնում խոհանոց, ի զարմանս տատիկիս, պահարանի դուռը նորից՝ բաց է տեսնում։ Նա շատ է անհանգստանում և վախեցած՝ դուրս է փախչում ու բակից կանչում է մայրիկիս։ Երբ մայրս ներս է մտնում, հանկարծ, սկսում է բարձրաձայն ծիծաղել։ Տատիկիս հարցին, թե ինչո՞ւ է ծիծաղում, մայրս ասում է. «Մամա ջան, դու մի քիչ առաջ վախեցա՞ր։ Աստված Հայրիկն ասում է, թե ներսից դուրս փախար, դրսի՞ց ո՞ւր պիտի փախչես»։

1941թ. սկսվում է Երկրորդ Համաշխարհային Մեծ պատերազմը. շատերի հետ, մեկնում է նաև պապիկս՝ Մադաթը։ Իր երեք զավակներին պահելու համար, տատիկս այդ տարիներին՝ վերնաշապիկներ է կարել և վաճառել։ Երբեմն՝ ինչպես տատիկս էր պատմում, նա աշխատել է մինչև ուշ գիշեր կամ մինչև լույս, բայց միշտ վախեցել է, որ տանը մենակ է իր երեխաների հետ. ահա մի գիշեր, կարելու ժամանակ, տատիկս ձիու ոտնաձայներ է լսում. «Կարծես թե, ինչ-որ մեկը, ձիով շրջում էր տան չորս բոլորը»,-պատմում էր տատիկս։ Նա շատ է վախենում, դուրս է նայում պատուհանից, բայց գիշերային մթության մեջ, ոչ մեկի չի տեսնում։ Սարսափած ու շվարած՝ վախենում է, նույնիսկ, մայրիկիս կանչել։ Այդ պահին՝ մայրս դուրս է գալիս իր ննջասենյակից, քնաթաթախ մոտենում է տատիկիս և ասում. «Մամա, մի վախեցիր, Աստված Հայրիկն ասում է, որ այդ ձիավորը Սուրբ Սարգիսն է, Նա իր ձիով հսկում է տունը, որ դու հանգիստ աշխատես», - այս ասելով, մայրս նորից վերադառնում է իր ննջասենյակն ու հանգիստ քնում, իսկ տատիկս, հետո ՝ ձիու սմբակների այդ ոտնաձայների տակ, շարունակում է իր աշխատանքը մինչև առավոտ։

Իմ տատիկն այն ժամանակ չի հասկացել ու չի հավատացել այն անբացատրելի հրաշքներին, որոնք կատարվել ու պտտվել են մայրիկիս՝ Մելանյայի շուրջը։ Տատիկս անվերջ լաց է եղել, կարծելով, թե իր աղջիկն առողջական ինչ-որ խնդիրներ ունի։ Դա է եղել պատճառը, որ նա՝ ուղեկցել է մայրիկիս հոգեբան Մազմանյանի մոտ։ Վերջինս՝ մայրիկիս հետ ունեցած մի քանի ժամվա երկարատև հարցազրույցից հետո՝ հանգստացրել է տատիկիս, ասելով, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, և որ նա՝ պարզապես, ի վերուստ շնորհ ունի և որ հարկավոր է անպատճա՛ռ հետևել Մելանյայի ուսմանը (Հոգեբան Մազմանյանի և մայրիկիս հարցազրույցի մասին գրված է «IV ՏԵՏՐԱԿ»-ի նախաբանում)։ Տատիկս, միևնույնն է, չի համոզվել։

Մայրս պատմում էր, որ խոհանոցի այն անկյունում, որտեղ նա նստած գրել է, երբեմն լսվել են եկեղեցական երգերի քնքուշ ձայներ, զանգերի ղողանջներ, բուրել է խունկի հոտը։ Մի օր էլ, մայրս Տատիկիս է տվել տետրի մի թերթիկ, որտեղ գրված է եղել թուրքերեն աղոթք, հայերեն տառերով՝ հատուկ Գեղանուշ տատիկիս համար, իսկ այդ տարիքում, մայրս թուրքերեն չի իմացել և չի էլ հասկացել («Աղոթքներ և Օրհնանքներ» 19/V/1943թ.)։ Այս և նման մի շարք իրադարձությունները հանգեցրել են նրան, որ իմ աթեիստ տատիկը դարձել է Աստվածապաշտ։ Ավելին՝ երբ ես նրան հարցեր էի տալիս և խնդրում, որ ինձ պատմի այդ դեպքերի մասին, նա կարծում էր, որ եթե ես որևէ մեկին պատմեմ այս ամենի մասին, ապա նրանք էլ չեն հավատա, ինչպես նա ինքը, ժամանակին՝ չի հավատացել։


Մայրս պատմում էր.

«Մի օր ես երազ տեսա, Աստված Հայրիկն իմ ձեռքը բռնած՝ տանում էր մեր փողոցով։ Նրա ձեռքին փայտե խաչեր կային։ Նա ինձ ցույց տվեց մի խումբ մարդկանց՝ սև հագուստների մեջ և ասաց, որ նրանք գնալու են մի տեղ և որ նրանցից շատերը հետ չեն գալու։ Երբ ես նայեցի այդ մարդկանց, ճանաչեցի մեր հարևաններից շատերին ու երբ քայլում էինք փողոցով, Աստված Հայրիկը մեր հարևաններից մի քանիսի դռան առաջ խաչեր տնկեց։ Անցավ ժամանակ, սկսվեց երկրորդ Համաշխարհային Մեծ պատերազմը, մեր հարևանները, հայրս, Հովհաննես քեռիս, մեկնեցին բանակ։ Այն մարդիկ, ում տան առաջ Աստված Հայրիկը խաչ էր տնկել, նրանք այդպես էլ չվերադարձան ու զոհվեցին»։

Չի վերադառնում նաև՝ իմ մայրիկի Հովհաննես քեռին։ Բոլորը կարծում են, որ նա էլ է զոհվել, նույնիսկ, «սև թուղթ» են ստանում, բայց մայրս բոլորին հանգստացնում է, ասելով, որ նա ողջ է և որ անպայման կվերադառնա. ահա մի օր, բոլորը տանը նստած, հանկարծ մայրս տեղից վեր է թռչում, ասելով, թե շո՛ւտ-շո՛ւտ դուռը բացեք, քեռիս գալիս է։ Չանցած մի քանի րոպե, հնչում է դռան զանգը և ի զարմանս բոլորի, ներս է մտնում նրա Հովհաննես քեռին։

Այս ամենին՝ ոչ ոք մեծ նշանակություն չի տալիս(«Հետագա ապագաս» 1944թ., Նոր Տարվա գիշերը, ժամը 12-ին, քառյակներ՝ 16, 17, նաև՝ «Տարեդարձիս օրհնանքը» 11/VIII/1943թ., քառյակ՝ 34, ) և երազների այդ շարանին՝ հաջորդում է մայրիկիս գրվածքները՝ «ԽՐԱՏՆԵՐ» վերնագրով, որոնք նույնպես հրաշքներ են և ուշադրության արժանի։ Կան այնպիսի մտքեր, արտահայտություններ, որոնք հասկանալու համար, գրված է մի ամբողջ պատմվածք կամ առակ։ Բոլոր պատմվածքները, առակները՝ սկզբից մինչև վերջ, նկարագրում են անարատ սերը, ճիշտ ապրելու, հոգին ու խիղճը մաքուր պահելու գաղտնիքները, կյանքի նպատակը և նրան հասնելու անբիծ ուղիները։ Ամեն մի պատմվածք` մեկ, երկու կամ ավելի խրատ է, խորհուրդ, որը մեկնաբանվում է յուրաքանչյուր պատմվածքի կամ առակի սկզբում, կամ վերջում, կամ ընթացքում։ Այստեղ՝ գրվածքներում, խոսվում են մարդկային այն անգնահատելի արժանիքների մասին, որոնց պետք է լավատեղյակ լինի յուրաքանչյուր անձնավորություն։

Սկզբնական գրվածքները, բոլորն էլ վերջանում են նույն քառյակով, որտեղ Աստված Հայրիկը, մայրիկիս անվանում է «Թիթեռնիկ զավակ», իսկ երբ նա արդեն մի քիչ ծանոթանում է գաղտնիքներին, նրա անունը փոխվում է «Գրավորյալ որդի» (III ՏԵՏՐԱԿ՝ «Գրավորյալ որդին և սրբազան Խաչը» 15/III/1943թ., քառյակ՝ 61), հետո՝ «Զմրուխտ Բանաստեղծ» («Տարեդարձիս՝ Հորս կողմից», 15/VIII/1944թ., քառյակներ՝ 26, 27, նաև՝ «Տարեդարձիս օրհնանքը», 11/VIII/1943թ., քառյակներ՝ 60, 63, 64), իսկ վերջում՝ «Գանձատեր Զմրուխտ Բանաստեղծ»։

Երբ առաջին անգամ կարդացի այս ամենը, զարմանքս այնքա՜ն մեծ էր, որ ցանկանում էի բարձրաձայնել այս ամենի մասին, ուզում էի հնարավորինս շուտ տպագրել և հանձնել հանրությանը, սակայն, չնայած իմ այդ մեծ ցանկությանը, միշտ՝ ինչ - որ բան խանգարում էր։ Ես չեմ կարող բացատրել այն հրաշքները, որոնք կատարվել են մայրիկիս հետ` նրա մանկության այդ տարիներին, բայց հիմա հասկանում եմ, թե ինչո՞ւ մայրիկիս այս զարմանահրաշ, խորիմաստ, անգնահատելի «ԽՐԱՏՆԵՐ» -ը չկարողացա տպագրել ավելի քան երեսուն տարի։ Չնայած իմ այդ գերագույն ցանկությանը, նրա գրքերը պետք է տպագրվեին այսօր, նրա մահից հետո՝ ճակատագրի կամոք («Հետագա ապագաս» 1944թ., Նոր Տարվա գիշերը, ժ. 12-ին, քառյակներ՝ 18, 19, 20, 21)։

Տպագրված ամեն մի գրքի նախաբանում, զետեղված է մի հետաքրքիր դեպք մայրիկիս կյանքից կամ կենսագրությունից։

Այս խրատներն ու խորհուրդներն իրոք գանձեր են՝ մի փոքրիկ աղջնակի և իր հավատարիմ ընկերոջ՝ Գրչի կողմից գրված(«Տարեդարձիս օրհնանքը», 11/VIII/1943թ., քառյակ՝ 22), և ո՞վ գիտե, գուցե այս «ԽՐԱՏՆԵՐ»-ը կհանգստացնեն շա՜տ ու շա՜տ խռոված հոգիներ, կերջանկացնեն փշրված սրտեր և խաղաղություն կսփռեն շատերի հոգում


2012-թ. Ֆլորիդա,

Ռուզանա Բաբայան